February 27

Իմ տերյանական ընթերցարանը

Հայտնություն

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար.

Փայլով, փառքով ու շուքով,

Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր

Արևավառ քո սրով,

Սև օրերըս այրեցիր

Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,

Սիրտըս թույլ էր ու տկար,—

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար…

Գիշեր

Երգում է քամին, լալիս է նորից, 
Անհույս ու անվերջ մղկտում է նա. — 
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ, 
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։

Իմ դուռն է ծեծում քամին խոլական, 
Իմ պատերի տակ հեծում է անվերջ, 
Մեղմիվ երգում է մեղեդին լալկան, 
Ոռնում ամայի փողոցների մեջ։

Փախչում է հեռուն թռիչքով անտես, 
Դառնում է անկարծ ճիչով խելագար, 
Ահաբեկում է և կանչում է քեզ, 
Հեծկլտում է խե՜ղճ, անզո՜ր ու տկա՜ր…

Եվ անպատմելի ցավով է լցված 
Այդ երգը անանց հուսահատության.— 
Մթին գիշերում իմ սիրտը խոցված, 
Լացը հուսաբեկ ավերված իմ տան…

Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա. —
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ, 
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա…

Սիրտըս ցավում է
Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար. —
Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։
Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ. —
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
Սակայն չեմ կարող ես նրան ատել —
Սիրում եմ նրան. —
Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս-հանգրվան…
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ՜, քաղցր արբանք։ —
Օրհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…


Posted February 27, 2025 by lilibadeyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*